Մատենադարան
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը բացառիկ արժեքավոր ձեռագրական հավաքածու ունեցող գիտահետազոտական ինստիտուտ և թանգարան է։
Մատենադարանի հավաքածուի հիմքը Ամենայն Հայոց կաթողիկոսության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ դարերի ընթացքում կազմավորված ձեռագրական հավաքածուն է, որը 1920 թ. պետականացվել, 1939 թ. տեղափոխվել է Երևան, իսկ 1959 թ-ից վերջնական հանգրվան է գտել մայրաքաղաքի գլխավոր՝ Մաշտոցի պողոտայի վերնամասում, ճարտարապետ Մարկ Գրիգորյանի կառուցած շենքում՝ Մատենադարանում։
1997 թ. Մատենադարանը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության» ցանկում և համարվում է հայոց ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը:
Շենքի ճակատային մասի լուծումն իր նախատիպն ունի միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի ճարտարապետության մեջ, իսկ ներքին կառուցվածքում օգտագործված են միջնադարյան այլ կառույցների ճարտարապետական որոշ վերամշակումներ։ 1962 թ. Մատենադարանն անվանակոչվում է հայոց այբուբենի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի պատվին։ Հետագայում, գործունեության ընդարձակման և հավաքածուի աճի պայմաններում ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծով 2011 թ. կառուցվում է Մատենադարանի նոր և ընդարձակ գիտական մասնաշենքը։
Այժմ Մատենադարանում պահվող շուրջ 20000 ձեռագրերը (հայերեն և այլալեզու) ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները՝ պատմություն, աշխարհագրություն, քերականություն, փիլիսոփայություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն, թարգմանական ու ազգային գրականություն, մանրանկարչություն, երաժշտություն և թատրոն:
Մատենադարանում հայերեն ձեռագրերից բացի պահվում են հունարեն, արաբերեն, պարսկերեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, եբրայերեն և այլ լեզուներով ձեռագրեր։ Միջնադարում կատարված հայերեն թարգմանութունների շնորհիվ կորստից փրկվել են բազմաթիվ բնագրեր, որոնք չեն պահպանվել մայր լեզուներով, հայտնի են միայն հայերեն թարգմանությամբ։ Գիտահետազոտական, ձեռագրերի վերականգնման և հրատարակչական բազմաբնույթ աշխատանքներին զուգահեռ Մատենադարանը շարունակում է ձեռագրերի հավաքչական աշխատանքը` նվիրատվությունների և գնման ճանապարհներով:
Մատենադարանը, որը մեր ժողովրդի մտավոր ժառանգության գանձարանն է, այսօր գիտահետազոտական ինստիտուտի և թանգարանի գործառույթները զուգակցող, միջազգային ճանաչում և բարձր վարկանիշ ունեցող հաստատություն է, որը դարձել է նաև մայրաքաղաք Երևանի և Հայաստանի խորհդանիշներից մեկը։
Աշխատանքային օրեր՝ երեքշաբթի-շաբաթ
Աշխատանքային ժամերը՝ 10:00-17:00
Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Էքսկուրսիայի արժեքը հայերեն՝ 3000 դրամ է։
Անգլերեն/ռուսերեն/իտալերեն/իսպաներեն/պարսկերեն/գերմաներեն էքսկուրսիայի արժեքը՝ 5000 դրամ է:
Ավետարան, 1675թ., Քարահատ Գյուղ (Գանձակ)
Ավետարան, 1684թ. Կաֆա
Ավետարան, XIII Դար ,կիլիկիա
Մզուք Գյուղի Ավետարանը
https://matenadaran.am/